Ճանապարհային ոստիկանության այս տարվա 11 ամիսների տվյալներով, հանրապետության ողջ տարածքում հայտնաբերվել եւ տուգանվել է ամրագոտիներ չկիրառող 105 հազար վարորդ։ Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ամրագոտի չկրելու պատճառով Հայաստանում օրական տուգանվում է շուրջ 400 վարորդ։
«Ինչ վերաբերում է պատուհանից աղբ նետելու եւ հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու հարցերին, ապա պետք է նշեմ, որ 2010 թվականի 11 ամիսների ընթացքում 5 հազար դրամի չափով տուգանվել է աղբ նետած 1854, եւ հասարակական տրանսպորտում ծխող 72 վարորդ»,- տեղեկացրեց Նորիկ Սարգսյանը՝ միաժամանակ ներկայացնելով նաեւ չնախատեսված վայրերում վարորդների կողմից կանգառման դեպքերի թվերը։ «Հանրապետությունում այս տարի գրանցվել է այդպիսի 65 հազար 618 դեպք, այսինքն՝ նման խախտում թույլ է տալիս վարորդների շուրջ 10 տոկոսը»:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե անցած տարիների նման շարունակում են արդյոք պետավտոտեսուչները համեմատաբար ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել կին-վարորդների նկատմամբ, Նորիկ Սարգսյանն ասաց. «Իհարկե, այդ միտումը դեռ պահպանվում է, սակայն ոչ այն չափով, ինչ, ասենք, սրանից մի քանի տարի առաջ։ Եթե բոլոր կանանց ներենք, կնշանակի, որ խախտումների համար ներում ենք վարորդների շուրջ 10 տոկոսին»:
Հարցին,թե Ճանապարհային ոստիկանության քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից 2010 թվականի ընթացքում, Սարգսյանը նշեց։ «Այս տարվա 11 ամիսների ընթացքում ծառայողական բնույթի խախտումներ թույլ տալու հետեւանքով Ճանապարհային ոստիկանության պետի հրամանով աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության 8 աշխատակիցներ,15-ը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»:
Ամփոփելով՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը վարորդներին եւ հետիոտներին կոչ արեց Նոր տարվա նախաշեմին խուսափել ավելորդ շտապողականությունից, միմյանց հանդեպ փոխզիջող եւ զգուշավոր լինել։ «Մեր նպատակն է, որպեսզի հնարավորինս քիչ թվով ընտանիքներ Ամանորը դիմավորեն դժբախտությամբ։ Դրա համար անելու ենք մեզանից կախված ամեն բան»,- հավաստիացրեց Սարգսյանը։




























