Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների եւ Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթեւեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:




























