Արարատի մարզի Երասխավան համայնքում «Գրին ֆարմեր» ընկերությունը պատրաստվում է հիմնվել  կեռասի, ծիրանի եւ խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Երասխավան այցելած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները  կիրականացվեն  հաջորդ տարվա գարնանը:

Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա:

Այգին ամբողջությամբ պատված կլինի  հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաեւ հակաանձրեւային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է  կաթիլային համակարգով, կներդրվի նաեւ  հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն  կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:

«Վաղահաս եւ ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչեւ 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչեւ 5 տարի մարման ժամկետով», - նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները: