Կանադացի լրագրող եւ պատմաբան Մակս Ուոլեսը ապացույցներ է հայտնաբերել, որ ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր եւ հոլոկոստի կազմակերպիչ Հենրիխ Հիմլերը, չնայած Ադոլֆ Հիտլերի հրամաններին, ցանկացել է կասեցնել հրեաների ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Ուոլեսի խոսքով՝ Նյու Յորքի օրթոդոքս հրեաների արխիվներում հայտնաբերված փաստաթղթերում նշված է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից կարճ ժամանակ առաջ Հիմլերը փորձել է համակենտրոնացման ճամբարներում մահից փրկել 300 հազար մարդու: 1944 թվականի նոյեմբերին նա արգելել է հրեաների զանգվածային սպանությունները, իսկ Օսվենցիմի դիակիզարանները եւ գազախցիկները ոչնչացվել են:
Չնայած պատմաբանների մեծ մասը կարծում է, որ դա արվել է մոտեցող խորհրդային բանակից նացիստների հանցագործությունները թաքցնելու համար, Ուոլեսը համոզված է, որ Հիմլերը ցանկանում էր Հակահիտլերյան արեւմտյան կոալիցիայի հետ սեպարատ հաշտություն կնքել: Ռեյխսֆյուրերը հույս ուներ այդպիսով ջանքերը միավորել Ստալինի եւ բոլշեւիկների դեմ պայքարում հնարավոր դաշնակիցների հետ, նշել է լրագրողը:
Հայտնի է, որ ավելի ուշ Հիտլերը տեղեկացել է արեւմտյան երկրների հետ հաշտության բանակցություններ վարելու Հիմլերի փորձի մասին: Արդյունքում նախկին ռեյխսֆյուրերը բոլոր պաշտոններից զրկվել է, նաեւ նրան կալանավորելու օրդեր է տրվել: Փախուստի փորձ կատարելիս 1945 թվականի մայիսի 21-ին Հիմլերին բռնել է բրիտանացի պարեկը: Նա մահացել է մայիսի 23-ին բժշկական զննում անցնելիս՝ կծելով բերանի մեջ եղած ցիանիդի պարկուճը:




























