Ադրբեջանին ռազմական տեխնիկա եւ զենք վաճառելու շուրջ ցանկացած հուզական մոտեցում ոչ ոքի պատիվ չի բերում եւ բացի այդ՝ անտեղի է։ Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը շատ հաճախ է շոշափում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։ «Բայց եկեք չմոռանանաք մի շատ կարեւոր հանգամանքի մասին։ Վերջին 15 տարում Ադրբեջանը, երբ նավթի գները բավական բարձր էին, բացառությամբ վերջին 2-3 տարվա, հնարավորություն ուներ զենք ձեռք բերել բազմաթիվ այլ երկրներից»,-նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Բաքուն Իսրայելից ավելի քիչ զենք չի գնում, քան Ռուսաստանից։
Իսագուլյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Իսրայելից 5 մլրդ դոլարի զենք է գնել։
Նրա խոսքով՝ Մոսկվայի՝ Բաքվին զենք վաճառալեու հարցը Երեւանին դրա հետ կապված ոչ միայն դժգոհությունը հայտնելու հնարավորություն է տալիս, այլեւ հնարավորություն է ընձեռում փորձել վերականգնել հնարավոր անհավասարակշռությունը, սակայն ավելի ձեռնտու պայմաններով, ինչն էլ, ըստ փորձագետի, արվում է։ Իսագուլյանը նշեց, որ այլ երկրների հետ հարաբերություններում Երեւանը չի կարող իրեն նման բան թույլ տալ։
«Կարծում եմ, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, այդ հարցը Կրեմլի առջեւ բարձրացնում է եւ դա է պատճառը, որ շատ դեպքերում Երեւանը միանգամայն այլ գներով զենք ձեռք բերելու հնարավորություն է ստանում՝ հավասարակշռությունը վերականգնելու համար»,-ասաց նա։


























