Արցախի Հանրապետության  ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն օգոստոսի 27-ին ընդունել է բարեգործական հերթական այցով Արցախ ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանին:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձել է հանրապետության զինված ուժերում իրականացվող գործընթացներին եւ այդ համատեքստում աշխարհասփյուռ հայության ոնեցած ակտիվ մասնակցությանը, ապա իր երախտիքի խոսքն ասաց բարերարին բանակի եւ ընդհանրապես արցախահայության հանդեպ  պարբերաբար դրսեւորվող ուշադիր եւ նպատակային վերաբերմունքի համար:

Նույն օրը հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի եւ բարերարի մասնակցությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել հանդիպում 2016թ. ապրիլյան առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ:

Էդգար Արամյանը նախ մեծարանքի խոսքեր է ասել հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հասցեին, իսկ այնուհետեւ դիմելով նրանց հարազատներին, հավաստիացրել է , որ ինչպես ինքը, այնպես էլ օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ եղել եւ լինելու են Արցախի կողքին:

Հանդիպման ավարտին, որպես ասվածի գործնական հաստատում, բարերարի կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվել է ֆինանսական ու նյութական օժանդակություն, իսկ  բարերարը բանակի եւ արցախահայության հանդեպ դրսեւորած ուշադիր եւ սրտացավ վերաբերմունքի համար արժանացել է Արցախի պաշտպանության նախարարի շնորհակալագրին: