Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 28-ին, Սամվել Բաբայանի եւ մյուսների դատական գործով նիստի ժամանակ, դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Սամվել Բաբայանի գույքի արգելանքը վերացնելու նրա պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը, ինչպես նաեւ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Դատավորը պատճառաբանեց, որ Սամվել Բաբայանը լինելով ազատության մեջ կարող է խոչընդոտել դատաքննությանը եւ ազդեցություն ունենալ վկաների վրա, որոնք դեռ չեն հարցաքննվել:
Դատավորը բավարարեց միայն ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը հանելու միջնորդությունը:
Դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 4-ին:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:




























