Գաճաճ տեսակներով հայկական ծիրանի բերքատվությունը կարող է 2,5 անգամ աճել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Agrointex ընկերության գլխավոր տնօրեն Վահե Սարոյանը:

Ընկերությունը պատրաստվում է բացել Հայաստանում պտղատու եւ ընկույզի ծառերի գաճաճ տնկիների տնկարաններից մեկը:

Նա հավելեց, որ տեղական բանկերը դեռեւս ինտենսիվ այգիների համար հատուկ վարկեր չեն առաջարկում: Այդ պատճառով պահանջարկը բխում է միայն միջին եւ խոշոր տնտեսություններից, որոնք կարող են դա իրենց թույլ տալ (իսկ ինտենսիվ այգի հիմնելը՝ կաթիլային ոռոգմամբ եւ հակակարկտային ցանցերով հեկտարի համար 40-50 հազար դոլար արժե): «Մի քանի տարի հետո ներդրումները կփոխհատուցվեն, սակայն սովորական գյուղացին այս փողի նույնիսկ կեսը չի հավաքի: Ճիշտ է, հիմա բանկերից մեկն արդեն սկսել է հակակարկտային ցանցի համար վարկեր տրամադրել: Իսկ մի քանի բանկեր քննարկում են նաեւ ինտենսիվ այգիների համար համալիր վարկերի տրամադրման հարցը»,- նշեց նա: 

Եթե սովորական ծիրանենին աճում է մինչեւ 15 մետր, ապա գաճաճը՝ 3 մետր 20 սանտիմետրից ոչ ավելի: «Բերքատվությունը հեկտարից 50 տոննա է, մինչդեռ հիմա Հայաստանի ծիրանի այգիներում 20 տոննան հրաշալի ցուցանիշ են համարում»,- նշեց Սարոյանը:

Դրանից բացի, հակակարկտային ցանցի տակ պտուղները պաշտպանվում են արտաքին ազդեցություններ մեծ մասից եւ ուլտրամանուշակագույնից: Այդ պատճառով վաճառվող ապրանքի տեսք է ունենում պտուղների 85-90 տոկոսը:

«Այս ամենը զգալիորեն մեծացնում է գյուղացիների եկամուտը, սակայն բաց է մնում հասանելի ֆինանսների հարցը»,- ընդգծեց Սարոյանը:

Ընկերությունն արդեն պետությունից տնկարանի տեղամաս է ստացել, իսկ առաջին տնկիները ցանկանում է հիմնել 2019-20 թվականներին: