«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Փիլիսոփա եւ արվեստի տեսաբան Բորիս Գրոյսի կարծիքով՝ միայն առաջին հայացքից է թվում, որ Ֆեյսբուքը նպաստում է գաղափարների ազատ շրջանառությանը: Իրականում սոցիալական ցանցերը, ճիշտ հակառակը, սահմանափակում են շփումը որոշակի սկզբունքով ընտրված մարդկանց շրջանակով:

Եվ իրոք, արդյոք դուք չե՞ք նկատել, որ ձեր գրառումներն ու հղումները գրեթե միշտ մեկնաբանում են նույն մարդիկ: Նրանց թիվը մի քանի տասնյակը չի անցնում, եւ նրանք սովորաբար որեւէ նոր, անսպասելի տեսակետ չեն արտահայտում: Կայքը մեկնաբանողների թիվն ավելի փոքր է՝ հիմնական «ակտիվը» 10 հոգուց ավելի չի, եւ դարձյալ նախօրոք հայտնի է, թե ինչ են նրանք գրելու:

Նույն «հատվածականությանն» են նպաստում որոնողական համակարգերը: Մենք այնտեղ բառեր ենք փնտրում, ոչ թե երեւույթների փոխկապակցվածությունը: Մեզ պետք է իմանալ ծառի մասին, մենք փնտրում ենք, ասենք, google-ում «ծառ» բառը, իսկ եթե պետք է կարդալ ձկան մասին, փնտրում ենք «ձուկ»-ը: Բայց թե ինչպես են իրար հետ կապված ծառն ու ձուկը՝ դրա պատասխանը google-ը չի տալիս:

Գրոյսը հիշեցնում է, որ նման դարաշրջան մարդիկ արդեն անցել են՝ մարդիկ ոչ թե գրքեր էին գրում, այլ պարզապես բառարաններից ճշտում էին, թե ինչի համար է այս կամ այն բույսը կամ թանկարժեք քարը: Հետո սկսվեց Վերածնունդը, եւ մարդիկ կրկին վերադարձան ստեղծագործական աշխատանքի: Ըստ փիլիսոփայի՝ ներկայիս «պասիվ» դարաշրջանը կարող է մի քանի դար տեւել:

Բայց քանի որ ոչ մեկս չի կարող ապրել այդքան երկար, նրանք, ում Աստված տվել է ավելին տեսնել, քան ֆեյսբուքյան նորությունների ժապավենը, google-ը կամ wikipedia-ն, այդ մարդիկ պետք է մարդկանց եւ նրանց խմբերի, ինչպես նաեւ երեւույթների միջեւ փորձեն իրական կապեր ստեղծել:

Ենթադրենք, Կրեմլի նկատմամբ ատելությամբ լցվածները եւ ԱՄՆ-ի մեջ աշխարհի փրկությունը տեսնողները ստեղծում են իրենց խումբը` պարտադիր չէ, որ այն անպայման ձեւակերպված լինի որպես «ֆեյսբուքյան խումբ». երբ նրանց քննարկման մեջ պատահաբար հայտնվում է որեւէ «պուտինիստ», այդ խմբի անդամները կազմակերպված հարձակում են գործում «ռուսուլմանի» եւ «ռաշիստի» վրա:

Բայց «պուտինիստների» խմբում նույնն է. «ներսում» իրար «ջան» են ասում, «ջան» լսում եւ անեծքներ են հղում «լիբերաստների» եւ «գեյրոպացիների» հասցեին: Իսկ եթե նման մեկը պատահաբար հայտնվի մոտակայքում… դե, հասկանում եք:

Նույնը՝ «Սասնա ծռերի» եւ ոստիկանության երկրպագուները: Նույնը՝ ՀՀԿ-ականները եւ նրանց հայհոյողները: Բոլոր այդ խմբերի մեջ կապ գտնելու դեղատոմսը շատ պարզ է՝ բոլորի մեջ տեսնել Մարդուն: Համարեք դա «մեխին եւ նալին խփել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում