Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական եւ մարզի տարբեր գյուղերից այստեղ տեղափոխված ընտանիքներ, արտաքին լուսավորության համակարգ երբեւիցե չի եղել:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ Վարդահովիտի փողոցների լուսավորությունը կապահովեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակները։ Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գեւորգյանը եւ բնակիչներ:

«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն՝ նաեւ Վարդահովիտում, արտաքին լուսավորության LED համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգեւորությունն է՛լ ավելի են քաջալերում մեզ եւ ապացուցում ծրագրի հիմքում ընկած՝ սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: