Հայաստանն ու Բոսնիա Հերցեգովինան առաջին փաստաթուղթն են ստորագրել, որը վերաբերում է դիվանագիտական անձնագրերով անձանց համար վիզաների չեղարկմանը:
Փաստաթուղթը ստորագրվել է այս երկրի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակի Երեւան առաջին այցի շրջանակում:
Այցի արդյունքներով մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այս տարի նշվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Նախարարի գնահատմամբ՝ այս տարիների ընթացքում այնքան էլ շատ բան չի արվել: «Կարծում եմ՝ ԱԳ նախարարի այցը թույլ կտա հարաբերությունների զարգացման մեջ նոր էջ բացել»,- ասաց Նալբանդյանը: Նրա խոսքով՝ հետագայում ծրագրում են ընդհանրապես վիզային ռեժիմի ազատականացման համաձայնության հասնել:
Իգոր Ցրնադակն իր հերթին նշեց. «Բոսնիա եւ Հերցեգովինայի համար Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների զարգացումը կարեւոր է, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում աշխատանքը»: Նա հայտնեց, որ Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է Բոսնիա եւ Հերցեգովինա այցելել: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, թե հույս ունի հրավերքից տարեվերջին օգտվել:




























