Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի աշխատակիցները վերցրել են Արեւելյան Երուսաղեմից հայ երաժիշտ Ապո Սահակյանի կիթառը՝ դրանով հարվածի տակ դնելով Մեծ Բրիտանիայում նրա խմբի հյուրախաղերը:
Հայազգի երաժիշտի խոսքով՝ պահպանության աշխատակիցներն իր կիթառը վերցրել են ինչ-որ ստուգման համար՝ խոստանալով գործիքը հաջորդ չվերթով բրիտանական Լութոն քաղաք ուղարկել: 3 օր է անցել, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվել:
Jewish News-ի հետ հարցազրույցում երաժիշտը նշել է, որ չի հասկանում, թե որն է խնդրի էությունը: «Ես չգիտեմ ինչու են նրանք այս շիլան եփել: Նրանք հարցրեցին՝ որտեղից է իմ խումբը, ես պատասխանեցի՝ Բեթղեհեմից, եւ, հավանաբար, սա կասկածի տեղիք տվեց: Ես Արեւելյան Երուսաղեմից եմ, նրանք մեզ այնպես են վերաբերվում ինչպես վիրուսին կվերաբերվեն»,- հայտարարել է նա:
Սահակյանի հարցումներին ի պատասխան՝ նրան ասել են, որ 4 հազար ֆունտ արժողությամբ կիթառը դեռեւս օդանավակայանի անվտանգության աշխատակիցների մոտ է, սակայն Իսրայելի օդանավակայանների վարչության մամուլի քարտուղար Օֆեր Լեֆլերը հերքել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ կիթառն ուղարկվել է հետագա սքրինինգի, այնուհետեւ փոխանցվել է ավիաուղիներին: Լեֆլերը հավելել է, որ օդանավակայանի վերգետնյա ծառայությունների ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ կիթառը Լոնդոն է ուղարկվել:
Ի վերջո՝ Սահակյանին հաջողվել է Մեծ Բրիտանիայում հյուրախաղերը շարունակել՝ վարձույթով կիթառ վերցնելով:




























