Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ ընտանեկան բռնաբարությունների քրեականացումը կարող է վնաս պատճառոլ ընտանիքի ինստիտուտին եւ տղամարդկանց խոցելի կդարձնի կանանց կողմից շանտաժի համար, հայտնում է Reuters-ը:
«Անհրաժեշտ է նախ երաշխավորել, որպեսզի ընտանեկան բռնաբարությունը չվերածվի մեթոդի, որով հնարավոր կլինի ապակայունացնել ընտանիքի ինստիտուտը եւ ամուսիններին շանտաժի ենթարկել»,- նշված է Հնդկաստանի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որն ուղարկվել է Դելիի Բարձր դատարան:
Տեքստում նաեւ նշված է, որ Հնդկաստանը չպետք է կուրորեն հետեւի արեւմտյան երկրների ճանապարհին, քանի որ այստեղ բնակվող ժողովուրդների բազմազանությունն ու անգրագիտության բարձր մակարդակը նրան յուրահատուկ են դարձնում:
Ավելի վաղ մի խումբ ակտիվիստներ եւ ընտանեկան բռնության զոհեր դատարան էին դիմել համապատասխան օրենքը փոխելու խնդրանքով: Ընտանեկան սեռական բռնությունը Հնդկաստանում բավականին հաճախ հանդիպող երեւույթ է, սակայն պահպանողական շրջանակներն արգելափակում են դրա քրեականացումը՝ պնդելով, որ դա միջամտություն է մասնավոր կյանքին: Պաշտոնական տվյալներով՝ 15-ից մինչեւ 49 տարեկան ամուսնացած կանանց ավելի քան 40 տոկոսը ընտանեկան բռնության է ենթարկվել:




























