Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում WorldSkills International-ի շրջանակում տրվել է նոր` WorldSkills Eurasia համագործակցության մեկնարկը:
Հայաստանի ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջեւ Աստանայում ստորագրվել է WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաեւ համագործակցության հուշագիր, որով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ, որը կճանաչվի ԵՏՄ բոլոր երկրներում: Հուշագիրը նախատեսում է նաեւ աջակցություն Եվրասիական տնտեսական միության քաղաքացիներին` կադրային ներուժի զարգացման շրջանակում աշխատանքի արդյունավետության եւ մասնագիտական կատարելագործման բարձրացման նպատակով:
Եվրասիական տնտեսական միությունը կներգրավի WorldSkills Eurasia-ն` որպես միության անդամ-երկրների տնտեսությունները կադրերով համալրման գործիք: Այդ մասին Աստանայում պայմանավորվել են Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը եւ WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: «Սա գերազանց միտք է ոչ այնքան WorldSkills-ի առաջնությունների առումով, որքան անդամ երկրների մարդկանց ներգրավվածության եւ ցուցաբերած մասնագիտական որակների առումով, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-նշել է WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: «ՄԿՈՒ համակարգը եւ մասնագիտական կադրերի պատրաստումը կարիք ունեն արդիականացման` հաշվի առնելով ներկա դարաշրջանում ՏՀՏ ոլորտում իրականացվող փոփոխությունները եւ աշխատաշուկայի մարտահրավերները: Կրթությունը պետք է համապատասխանեցնել տնտեսության պահանջներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ պահանջարկի մասնագիտական կադրեր ապահովել ԵՏՄ տարածքի աշխատաշուկայի համար: Այդ նպատակով իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կորոշվեն բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են կադրերի ներգրավման հարցերով: Մարդկային կապիտալի զարգացման եւ կադրային ներուժի զարգացման շրջանակում համագործակցությունը կմշակվի WorldSkills-ի չափորոշիչների եւ մեթոդիկաների հիման վրա: Այս հարցում իրենց աջակցությունը կբերեն ինչպես միջկառավարական մարմինները եւ կազմակերպությունները, այնպես էլ ԵՏՄ-ն, Եվրասիական տնտեսական կոմիտեն, Եվրասիական զարգացման բանկը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը»,-նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ FutureSkills նախաձեռնության շրջանակում կիրականացվեն նաեւ, այսպես ասած, ապագա մասնագիտությունների կանխատեսման աշխատանքներ:
Ակնկալվում է, որ WorldSkills Eurasia-ի նախագծերին կներգրավվեն ոչ միայն վերոնշյալ չորս պետությունները, այլ նաեւ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շուրջ 12 երկիր:




























