«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հեր­թական հայտարարությունն արեց, որը բուռն քննարկման առարկա դարձավ: «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաս­տանը կարող է իր ինքնիշխան որոշումնե­րը կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաս­տանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ եւ վս­տահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցան­կանում գնալ»,- «Ազատություն» ռադիոկա­յանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Ի՚՞նչ է ակնարկում ամերիկացի դիվանագետը, մանավանդ, որ հայկական կողմից շարունակաբար պնդում են՝ ճնշումներ չկան, բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով մեր պետականության շահից եւ ինքնիշ­խանությունից: Մինչ այդ, հիշեցնենք, Ռիչարդ Միլզը խոսել էր Հայաստանում վերականգնողական եւ արեւային էներգետիկայի ոլորտին աջակցության, 8 միլիարդ դոլարի ներդրումների եւ տնտեսական այլ ծրագրերի մասին:

Միջազգային եւ անվտանգության հար­ցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ուշ­ադրություն է հրավիրում այն հանգաման­քին, որ նման հայտարարություններն ԱՄՆ-ի կողմից այդքան հաճախակի չեն եղել, որքան հիմա: Սա քաղաքագետին հիմք է տալիս ենթադրելու. «Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է, եւ դա կապված է երկկողմ պայմանավորվածությունների հետ»:

Խնդրի էությունն ամբողջական պատկերացնելու համար Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Ռիչարդ Միլզի՝ 2014 թվականին ունե­ցած ծրագրային ելույթը տարածաշրջանային խնդիրների մասին: «Այդ ժամա­նակ, երբ ԵԱՏՄ-ին՝ Երեւանի միանալուց հետո Հայաստանը եւ ԱՄՆ-ը ստորագրե­ցին Առեւտրային եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունները, կարելի է ասել, այսպիսին էին՝ որքան էլ Հայաստանն անդամակցում է այդ տնտեսական միավորմանը, այնուամենայնիվ, շարունա­կում է դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը: Դրա գլխավոր տարրերից մեկն էլ հայ-ամերիկյան հարաբերություններն էին»,- ասում է Ստեփան Սաֆարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում