Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նպատակով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ:

Գյուղնախարարությունից NEWS.amժ-ին հայտնում են, որ մասնավորապես, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար) եւ ձիերի սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ:

Կարեւորելով կենդանիների առողջության բարելավմանն ու անվտանգ կենդանական ծագման արտադրանքի ապահովմանն ուղղված միջոցառումների պատշաճ եւ ժամանակին իրականացումը՝ հորդորում ենք համայնքների ղեկավարներին եւ անասնատերերին աջակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման ընթացքում:

Միաժամանակ, անասնաբույժներին ու անասնատերերին խորհուրդ է տրվում խստորեն հետեւել կենդանիների գլխաքանակի եւ իրականացված միջոցառումների վերաբերյալ համապատասխան մատյանների վարմանը:

Հարցերի եւ խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ` 055 541-968 հեռախոսահամարով: