Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարությունում տեղի ունեցախ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը եղել է կոնյակի եւ գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք եւ ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով:
«Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչեւ 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով:
Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետեւ համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա եւ մենք ցանկանում ենք ոգեւորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետեւ մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:




























