ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը. հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ համագործակցության հնարավոր ուղիները:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Ինդոնեզիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին եւ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:
«Հայաստանում գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ կնպաստի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետեւ հյուրերի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ոլորտի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների եւ կարկտապաշտպան համակարգերի կիրառման, ինտենսիվ այգիների հիմնման, ապահովագրական համակարգի ներդրման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերին, որոնք առավելապես միտված են նպաստել մասնավորապես փոքր եւ միջին գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` նախարար Իգնատի Առաքելյանն առանձնապես կարեւորել է վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը:
Երկկողմ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հանգամալից կուսումնասիրի համագործակցության առավել հեռանկարային ուղիները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ պարենային ապահովության, սննդամթերքի անվտանգության, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:




























