Հովհաննես Կաթրջյանը, ում, ըստ նրա, Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում ամիսներ առաջ խաբել եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն 6-7 տարի պիտանելիության ժամկետով սարք են տեղադրել, արդարությունը վերականգնելու եւ բուժհիմնարկության  խաբեությունը «ջրի երես հանելու» համար դիմում-բողոքով դիմել է ՀՀ կառավարություն՝ անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ NEWS.am-ի թղթակցին այս մասին պատմեց ինքը՝ Հովհաննես Կաթրջյանը։

«Դիմումիս հիման վրա այսօր ինձ կանչել էին Առողջապահության նախարարություն։ Ասացին, որ իմ ներկայացրած պատմության իսկությունն (որ Biotronik ֆիրմայի 8-10 տարվա գործածելիության խթանիչի փոխարեն վիրահատության ժամանակ իմ մարմնում տեղադրվել է նույն ֆիրմայի, սակայն պակաս օգտագործելիության ժամկետով մեկ այլ սարք) ապացուցելու համար պետք է ներկայացնեմ գերմանական այդ ընկերության կողմից տրված համապատասխան փաստաթուղթ: Ես, իհարկե, ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնելու եւ դիմելու եմ նաեւ այդ քայլին: Էլեկտրոնային փոստով նամակ եմ ուղարկելու Biotronik ֆիրմային` խնդրելով ճշմարտությունն  ապացուցող գրություն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն»,- նշեց Կաթրջյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ օգնություն ստանալու խնդրանքով դիմել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակին, ուր, սակայն, ասել են, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։

Ամփոփելով՝ Հովհաննես Կաթրջյանը տեղեկացրեց, որ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի խաբեությունը բացահայտելու եւ իր իրավունքները պաշտպանելու բովանդակությամբ նամակ է պատրաստվում ուղարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանում Գերմանիայի դեսպանին, ինչպես նաեւ դատական ատյաններ։ «Հարցը ոչ միայն ֆինանսական է, այլեւ բարոյական. նրանք խաբել են ինձ, եւ խաղացել կյանքիս հետ»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանն, իր հերթին, NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում հերքել էր իրենց նախկին հիվանդի ներկայացրած փաստարկները՝ դրանք որակելով իբրեւ զրպարտանք։ Հարցին, թե զրպարտության  համար պատաստվո՞ւմ են, արդյոք, դատական հայց ներկայացնել Հովհաննես Կաթրջյանի դեմ, Սմբատ Ջամալյանն ասել էր. «Այո, իհարկե պետք է դա անենք, հո էսպես չենք թողնելու»: