Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը քննարկել եւ հաստատել է կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից կիրառվելիք «Գյուղական ներդրումների ուղեցույցի» վերախմբագրված տարբերակը, ինչպես նաեւ վերը նշված կառույցի եւ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքված փոխառության համաձայնագիրը: Խորհուրդը թույլատրել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին «Ակբա լիզինգ» ՈՒՎԿ-ի հետ իրականացնել համագործակցություն եւ կնքել փոխառության համաձայնագիր: Այսպիսով, «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին:
Հաստատվել է նաեւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում 2017-2018 թթ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Գեղարքունիքի մարզի Նորատուս, Ծովինար եւ Վարդենիկ համայնքների ու Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը:




























