«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակիցները դադարեցրել են կառավարության շենքի դիմաց սկսած նստացույցն այն պատճառով, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:
«Պատասխանն իսկապես գոհացուցիչ չէր: Ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը, հանդիպելով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ ամեն ինչից հետո մեզ պատասխանել են, որ եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ կառավարության պատասխանը ծիծաղելի է»:
«Նաիրիտի» նախկին աշխատակիցների կողմից ձեւավորված համակարգող խումբը դեռ չի քննարկել նամակից հետո իրենց անելիքները: «Նստացույցի մասնակիցներից գիշերը մնալ ցանկացողները քիչ էին, եւ մենք չէինք ուզում, որ նրանց հետ ինչ-որ խնդիր լիներ»,- ասաց Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին համակարգող խումբը կհստակեցնի իր անելիքները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























