Տավուշի մարզի Կիրանց գյուղում կա երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու սուր խնդիր։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գյուապետ Կամո Շահինյանը պատմել է, որ Կիրանց գյուղն այն սակավաթիվ գյուղերից մեկն է, որտեղից բնակչության արտահոսք չկա։ Բայց կան   բազմաթիվ այլ խնդիրներ։ Իսկ ամենամեծ խնդիրը բնակարանային ֆոնդն է։ «Մենք 17 երիտասարդ ընտանիք ունենք, որոնք ապահովված չեն սեփական բնակարանով։ Մարդիկ աշխատում են, բայց չեն կարողանում գնել կամ կառուցել տուն»,- նշել է գյուղապետը՝ հիշեցնելով, որ բնակարան չունեցող գյուղացիների մի մասը ծառայում է սահմանին։ Կամո Շահինյանը սեփական առաջարկություն ունի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը։ «Մենք արդեն իշխանություններին առաջարկել ենք քոթեջներ կառուցել ու դրանց փոխանցել երիտասարդ ընտանիքներին ցածր տոկոսներով՝ երկարաժամկետ մարման հնարավորւթյամբ»,- նշեց գյուղապետը, հավելելով, որ առայժմ առաջարկությունը դիտարկվում է։ Գյուղի դպրոցը վատ վիճակում է։ Փաստացի գյուղում երբեք դպրոցի շենք չի կառուցվել, այն հիմա գործում է նախկին վարչական շենքում, որն ամենեւին էլ նախատեսված չէ կրթական հաստատության կարիքների համար։ «Գյուղին դպրոց է պետք։ Առանց դպրոցի սկսվում է բնակչության արտահոսք»,- հիշեցրեց գյուղապետը։

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ գյուղին է պատկանում մոտ 5 հազար հա վարչական տարածք, ցանքատարածք ու արոտավայր, բայց դրանք գրեթե բոլորը հակառակորդի ուղիղ նշանակետի տակ են։ «Այնպես որ հիմա գյուղը գրեթե հող չունի, միայն տնամերձ հողատարածքներ»,- փաստում է Կամո Շահինյանը։

Ջրով՝ խմելու ու ոռոգման, գյուղն ապահովված է, չնայած կա ներքին ջրատարների խնդիր։ Նշանակությունունի նաեւ սեզոնայնությունը՝ ամռանը գետի ջուրը նվազում է, նշեց գյուղապետը։ Իսկ ահա գազ գյուղում չկա ու չի կանխատեսվում։

Խորհրդային ժամանակներում Կիրանցի բնակիչները ծխախոտ էին աճեցնում ու անասնաբուծությամբ զբաղվում։ Հիմա ծխախոտային գործը վերածնվում է։ Ծխախոտ է ցանված մոտ 10 հա հողատարածքում, նշեց գյուղապետը։

 Լուսանկարները Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի