«Ժառանգությունը» օգոստոսի 31-ին կուսակցության վարչության նիստ է հրավիրել, որի արդյունքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, վարչության նիստի ժամանակ քննարկումներ չեն եղել փողոցային պայքար սկսելու վերաբերյալ։ Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում  կուսակցության մամուլի խոսնակ Գեւորգ Ղահրամանյանը նշել էր, որ սեպտեմբերից կուսակցությունը փողոցային պայքար է սկսելու, նպատակը թույլ չտալն է, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ․ «Ոչ, եղել են քննարկումներ, որոնք չեմ կարող հրապարակել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տված վերջին ասուլիսի ժամանակ ամեն ինչ ասել է, դրանից հետո այլ զարգացումներ չեն եղել»։

Նա նշեց, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե կուսակցության  անդամները հանդիպում  են տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի հետ՝ քննարկելու պայքարի հետագա ձեւերը, չեն համապատասխանում իրականությանը․«Ասվել է հանդիպել են, մամուլում մեկնաբանվել է հանդիպում են, բայց ինչպես կարող են այդ հանդիպումները տեղի ունենալ, եթե կուսակցության առաջնորդը երկրում չի եղել, ոչ էլ ես»։