Միջազգային հանրությունը միջազգային խնդիրների կարգավորման հարցում BRICS-ից միասնություն է ակնկալում, որը թույլ կտա ապահովել առավել արդարացի եւ կառուցողական աշխարհակարգ: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է BRICS-ի գագաթնաժողովի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է առավել արդարացի եւ կառուցողական աշխարհակարգ ստեղծել,- ասել է նա: - Աշխարհի հետ «հնգյակի» կապերի ինտենսիվացումը մեզանից պահանջում է ավելի ակտիվ մասնակցություն գլոբալ կառավարմանը: Առանց այսպիսի մասնակցության անհնար է միջազգային շատ հրատապ խնդիրների արդյունավետ լուծումը»:
Չինաստանի նախագահը նշել է բոլոր երկրների խաղաղ զարգացման համար կայուն պայմանների ապահովման անհրաժեշտությունը: «Թող լսեն միջազգային խաղաղության եւ զարգացման հարցերի վերաբերյալ մեր միասնական ձայնը եւ նախազգուշացումները: Միջազգային հանրությունը մեզանից հատկապես սա է սպասում, սա են պահանջում նաեւ մեր ընդհանուր շահերը»,- հավելել է Սի Ցզինպինը:
Չինաստանի նախագահի խոսքով՝ BRICS-ի երկրների համագործակցությունը հատուկ կարեւորություն է ձեռք բերում այն փոփոխությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում:




























