ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ։ 

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում ասվում է.

«Արտակարգ իրավիճակների հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական եւ տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետեւանքները կառավարելու, մեղմելու եւ վերացնելու կարեւորագույն ոլորտը: Մեծ դերակատարություն է վերապահված նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայությանը, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համեմատաբար նոր կառույց է, որը միավորել է նորաստեղծ եւ նախկինում գոյություն ունեցած մի շարք ծառայություններ: ԱԻՆ-ին վստահվել է գործունեության բավականին լայն ասպարեզ: Այդուհանդերձ, ԱԻՆ աշխատողներն արժանապատվորեն են իրականացնում իրենց առաքելությունը:

Փրկարարական եւ արագ արձագանքման այլ ուժերի զարգացման առումով անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել հատուկ եւ կարեւորագույն օբյեկտների անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս աշխատանքներն ԱԻՆ-ը միայնակ իրականացնել չի կարող, ուստի անհրաժեշտ է ներդնել տարբեր պետական կառույցների եւ ծառայությունների գործողությունների համադրման արդյունավետ նոր մեխանիզմներ:

Արտակարգ իրավիճակները պետական սահմաններ չեն ճանաչում, ուստի դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ է ապահովել միջազգային եւ տարածաշրջանային մակարդակի կայուն եւ գործընկերային կապեր: Ողջունում եմ ԱԻՆ-ի ներգրավումը միջազգային համապատասխան կառույցների շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերում եւ միջոցառումներում: Նաեւ կարեւորում եմ տարածաշրջանում աղետների հետեւանքների վերացման գործողություններին արտակարգ իրավիճակների հայաստանցի մասնագետների մասնակցությունը:

Արտակարգ իրավիճակներում աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել մեր երկրի բնական առանձնահատկությունները: Այդ առումով կարեւորագույն անելիքներից մեկը պետք է լինի սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի շարունակական բարեփոխումը, լրջագույն աշխատանքներ պետք է իրականացվեն սողանքային աղետների կառավարման ոլորտում։

ԱԻՆ-ը կարեւորագույն դերակատարություն ունեցավ վերջին շրջանի արտակարգ պատահարներին՝ բռնկված հրդեհներին արձագանքելու միջոցառումները կազմակերպելու եւ համակարգելու գործում: Շատ կարեւոր էր այն հանգամանքը, որ այս մարտահրավերներին դիմագրավելու համար արագ համադրվեցին մեր տրամադրության ներքո եղած պետական եւ անգամ մասնավոր գործիքները: Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ԱԻՆ-ի ոչ միայն մասնագիտական ու գործառական, այլեւ բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, արտակարգ իրավիճակների հարգելի՛ աշխատողներ, մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի»: