Եկատերինբուրգում ավտոմեքենան մխրճվել է «Կոսմոս» կինոթատրոնի մեջ եւ բռնկվել, հայտնել են ՌԴ Սվերդլովի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավտոմեքենան «Կոսմոսի» շենքի մեջ է մխրճվել տեղական ժամանակով մոտ 6:00-ին: Տեղական Е1.Ru-ն հայտնում է, որ շենքի մեջ է մխրճվել գազի բալոններով լեցուն ՈւԱԶ-ը: Ականատեսների խոսքով՝ պատահարի վայրում նկատել են 2 փախչող տղամարդու: Ավտոմեքենայի վարորդին պատահարի վայրում չեն գտել:
66.ru պորտալը հայտնում է, որ չհաստատված տեղեկություններով՝ կինոթատրոնի շենքի մեջ մխրճվելուց հետո ատոմեքենայից վարորդը դուրս է եկել եւ շենքի մեջ նետել «Մոլոտովի կոկտեյլ»: ՈւԱԶ-ի մեջ ոստիկանները բենզինով կիսադատարկ տակառներ եւ 3 գազի բալոն են գտել:
Արտակարգ իրավիճակների ծառայության շրջանային վարչության հաղորդագրության մեջ նշված է, որ հրշեջները կրակը 30 րոպեում վնասազերծել են: Հրդեհի մակերեսը կազմել է 30 քառ.մետր: Շենքի երկրորդ հարկից փրկարարները տարհանել են 5 մարդու: Պատահարի հետեւանքով ոչ մեկը չի տուժել: Կրակի մարմանը մասնակցել է հրշեջ-փրկարարական տեխնիկայի 18 միավոր եւ 52 մարդ:
Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը հայտարարել է, որ վարորդի ինքնությունը պարզել են:
ՆԳՆ շրջանային վարչությունից հաստատել են, որ ոստիկանությունը ձերբակալել է պատահարին մասնակցելու մեջ կասկածվողին: Նա տեղաբնակ է, 1978 թվականի ծնված: Նրան ձերբակալել են, երբ պատահարից հետո դիմել է բուժօգնության:
Ներկայումս ստուգվում են հրդեհի պատճառները: Պատահարի վայրը ոստիկանները շրջափակել են, որտեղ հիմա աշխատում են քննիչները եւ ԱԴԾ աշխատակիցնեը, հայտնում է ՌԲԿ-ն:
























