Արցախի հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը կողմ է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն մեր հարեւան պետությունների տարածքում անցկացվող բոլոր զորավարժություններին, անկախ այն բանից, թե հատկապես որ երկիրը կամ ռազմական դաշինքն է դրանք կազմակերպում: Այս մասին նա նշել է NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
«Այդ մասնակցությունը համապատասխան տարածքներում ռազմական գործողություններ վարելու կամ ծավալելու հեռանկարների վերաբերյալ կարեւոր փորձառություն ձեռք բերելու լավ հնարավորություն է տալիս ռազմական մասնագետներին»:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այդպիսի որոշում կայացրեց եւ արդյոք սա Ռուսաստանի ճնշման արդյունք է, Արման Մելիքյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչու հայկական կողմը չի մասնակցում այս զորավարժություններին, թեեւ նախապես ներառված է եղել մասնակիցների ցուցակում: Ամեն դեպքում, եթե, օրինակ, նոյեմբերին Հայաստան-ԵՄ նորացված ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողվի ինչ-որ երրորդ կողմի ջանքերով, ապա հիմնավոր կհամարեմ այն ենթադրությունը, որ այս զորավարժություններին մեր զինուժի մասնակցությունը եւս կանխվել է արտաքին միջամտության հետեւանքով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել էր մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը. «Ես չեմ մեկնաբանում»,- ասել էր Հովհաննիսյանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում է Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան. զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։
2011թ․ սկսած «Agile Spirit 2017» զորավարժությունն ամեն տարի անցկացվում է, այս տարի այն կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:
Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը:




























