Արեւելաչինական Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքի 3 մանկապարտեզների 120 երեխա է տուժել, հավանաբար, սննդային թունավորման հետեւանքով, փոխանցում է «Սինհուան»:

Կրթության քաղաքային վարչությունը հաստատել է, որ թունավորման ախտանիշներով 120 երեխա է դիմել մանկաբուժական հիվանդանոց, որոնցից 36-ին հոսպիտալացրել են, 62-ը բժշկական հսկողության ներքո է, եւս 22 երեխա հիվանդանոցից դուրս է գրվել:

Երեքշաբթի կեսօրից հետո մանկապարտեզից տուն վերադառնալով՝ երեխաները սկսել են բողոքել սրտխառնոցից եւ փորացավերից: Նրանցից ոչ մեկի մոտ ջերմության բարձրացում չի գրանցվել:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են քաղաքային ոստիկանությունը, առողջապահության եւ կրթության գերատեսչությունները, նաեւ սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկման ծառայությունը: