Շիրակի մարզում ժամանակակից աղբանոց կհայտնվի։ Այս մասին ասված է Շիրակի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրում, որը հավանություն է ստացել սեպտեմբերի 7-ին Կառավարության նիստում։
Մարզում գործում էր 337 աղբանոց։ 2017–ի ապրիլին մեկնարկած «Մաքուր Հայաստան» ծրագրով փակվել է 219 տարերային գործող աղբանոց, իսկ մինչեւ տարեվերջ պլանավորվում է փակել եւս 41-ը։ Թափոնների պաշտոնական վերամշակում չկա, սակայն ոչ պաշտոնապես մասնավոր անձինք հանում են մետաղն ու ապակին, որը հանձնում են 50 կգ-ը 700 դրամով, իսկ պլաստիկը՝ 1 կգ–ը 60 դրամով։
Մարզում պլանավորվում է թողնել 1 աղբանոց, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։ Ներդրումների որոնումները դեռ չեն մեկնարկել, սակայն ապագա աղբանոցի մեծ մասշտաբները կարող են առաջ բերել մասնավոր սեկտորի, այդ թվում երկրորդային հումք վերամշակողների հետաքրքրությունը։ Ավելի վաղ մարզում ժամանակակից աղբանոց էին ուզում ստեղծել Գյումրի քաղաքի մոտ՝ Բայանդուր գյուղում։ Որպես դոնոր պետք է լիներ Զարգացման ասիական բանկը։ Սակայն հիմա թափոնների կառավարման հանրապետական ցանցի շրջանակում քննարկվում են նոր տարբերակներ։




























