Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը, վաղ թե ուշ, կնշանավորեր եվրոյի վերջը: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «Կատիմերինի» պարբերականի հետ հարցազրույցում:
Նախօրեին Աթենք կատարած այցի ընթացքում Մակրոնը հայտարարել է տնտեսական ճգնաժամից դուրս գալու Հունաստանի ջանքերին աջակցելու մասին եւ բացառել է եվրոգոտուց երկրի դուրս գալը (Grexit): Մակրոնի խոսքով՝ իր այցը Աթենք վստահության ուղերձ է, եւ Հունաստանը՝ որպես ներդրումների եւ ձեռնարկատիրության վայր, առաջ մղելու փորձ: «Ես լավատեսությամբ եմ նայում Հունաստանի ապագային»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Հունաստանի տնտեսությունը վերականգնվում է, գործազրկությունը կրճատվում, եւ ինքը խրախուսում է ֆրանսիական ներդրումները Հունաստանի տնտեսության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Խոսելով ԵՄ ապագայից՝ Մակրոնը նշել է, որ կցանկանար տեսնել համերաշխ Եվրոպա, ավելի ամուր եվրոգոտի, ընդհանուր եվրոպական բյուջե, Եվրոպայի ֆինանսների նախարարի նշանակումը եւ եվրոգոտու խորհրդարանի ստեղծումը։
Ֆրանսիայի նախագահը Աթենքի եւ Փարիզի միջեւ արդյունավետ համագործակցություն է բնութագրել նաեւ ահաբեկչության դեմ պայքարը։




























