ԵՄ-ն մտադիր է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Տալլինում հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

 Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները պետք է ուժեղացնեն ճնշումը Փհենյանի վրա, որպեսզի ստիպեն նրան «կառուցողական երկխոսություն» սկսել միջազգային համայնքի հետ։ Պատժամիջոցների ընդլայնմանն ուղղված  աշխատանքները կիրականացվեն առաջիկա օրերին, հավելել է Մոգերինին։

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը պարզաբանել է, որ քննարկվող միջոցառումներից են ԵՄ երկրների նավահանգիստներ հյուսիսկորեական նավերի մուտքի արգելքը եւ ԵՄ տարածքում ԿԺԴՀ –ից աշխատուժի գործածման արգելքը։

Դիվանագիտական շրջանակներում AFP-ի աղբյուրի խոսքով՝ դիտարկվում է նաեւ Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումների համար էմբարգոյի սահմանումն ու Կիմ Չեն Ընին պատժամիջոցային ցուցակում ընդգրկելը։