Կայացել է «Զվարթնոց» օդանավակայան- Երեւան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը:

Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս» ՍՊԸ-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:

«Զվարթնոց» օդանավակայան - Երեւան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռեւս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղեւորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ:

Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը: