2018 թվականին պետությունը սուբսիդիաներ կհատկացնի Հայաստանի գործնականում ամբողջ բերքի գնման համար: Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ պետությունն ընդհանուր առմամբ վարկերի սուբսիդավորման համար կհատկացնի 1 մլրդ դրամից փոքր-ինչ պակաս: Կսուբսիդավորեն գյուղացիներից բերքի գնման վարկերի տոկոսները: Հնարավոր կլինի վարկերի միայն նպատակային օգտագործումը, իսկ Գյուղատնտեսության նախարարությունը կհրապարակի շահառու ձեռնարկությունների ցանկը: Նրանցից յուրաքանչյուրին սուբսիդիա կտրվի՝ ելնելով մինչեւ 1 մլրդ դրամ վարկի հաշվարկից: Սուբսիդիաներն ընդհանուր կգեներացնեն 18-20 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար) արտոնյալ վարկերը: Վերջին տարիներին մրգի, բանջարեղենի եւ խաղողի գնման ծավալները կազմել են 20-30 մլրդ դրամ: «Հաշվի առնելով, որ գործարանների ինչ-որ մասը վարկերի կարիք չունի, կարելի է պնդել, որ մենք գործնականում ամբողջ շուկան կծածկենք»,- նշեց Մակարյանը:

Գումարը կտրվի ոչ թե ձեռնարկություններին, այլ ուղղակի գյուղացիներին, որ նրանք ավելի արագ ստանան իրենց հասանելիքը: Սրա հետ կապված փոխնախարարը կոչ արեց գյուղացինեին աշխատել բացառապես գրավոր պայմանագրերով, որպեսզի կարողանան իրենց պահանջները հիմնավորել: