ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից մշակված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույցը», որում ընդգրկված են գյուղատնտեսության խորհրդատվության հիմնական առաքելությունն ու նպատակները, նախանշված միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը:
Փաստաթղթի համաձայն` գյուղատնտեսական խորհրդատվության հիմնական գործառույթներն են ֆերմերներին եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության ցուցաբերումը, ուսուցման եւ մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվական համակարգի զարգացումը, ֆերմերային տնտեսություններում աշխատանքների պլանավորման ու կառավարման գործընթացին օժանդակումը, խորհրդատվական արդյունավետ գործիքակազմի կիրառումը, անհատական խորհրդատվության մատուցում եւ այլն:
Միաժամանակ կարեւորվել է խորհրդատվական համակարգում փորձառու եւ ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների ներգրավումը:
Օրակարգային հարցերի թվում էր նաեւ նոր ընկերության հիմնադրման հարցը: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ապահովել փոքր ու միջին կազմակերպությունների արտադրանքի վաճառքը միասնական ապրանքանիշի ներքո:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ Հիմնադրամի Գյուղատնտեսության խորհրդատվության տնօրինության հաշվետվությունը, որում հանգամանորեն ներկայացվել են գյուղատնտեսական խորհրդատվության մարզային կառույցների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում` նաեւ անհատական խորհրդատվությունների տրամադրումը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկումը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր:




























