ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ընդունել է Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մերսի Թեմբոնը նախարարին է ներկայացրել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյին եւ նրա մասնագիտական փորձը՝ տեղեկացնելով, որ վերջինս պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 1-ից։
Նախարարը շնորհավորել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին՝ հույս հայտնելով, որ կշարունակվի կառույցի եւ նախարարության միջեւ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը կարեւորել է Համաշարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում եւ կառույցի աջակցությունը համաշարհային ֆինանսատնտեսական էկոհամակարգում։ Նախարարը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ կշարունակվեն ջանքեր գործարդրվել Հայաստանում տնտեսական կայունություն ապահովելու ուղղությամբ, որը կլինի որակյալ եւ ներառական։
Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ խիստ ոգեւորիչ եւ վարակիչ է Հայաստանի կառավարության եռանդը, էներգիան եւ ջանքերը իրականացվող բարեփոխումների նկատմամբ։
Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը։
Կողմերը կարեւորել են մասնավոր հատվածի հետ աշխատանքը եւ պայմանավորվել առավել մանրամասն քննարկումներ անցկացնել առաջիկա անելիքների վերաբերյալ։



























