Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին 80-ամյա ծերունու սպանության գործով կա մեղադրյալ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակչին: Նա հետախուզման մեջ է:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննության նախնական տվյալով, սպանությունը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով: Նշենք, որ տեղեկություններ կան, որ տարիներ առաջ սպանված տղամարդը սպանել էր մեղադրյալի հորը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ սեպտեմբերի 6-ին Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է 80-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):



























