Համաշխարհային բանկի վարկային պորտֆելը ՀՀ-ում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է», - ասել է կառավարության ղեկավարը:



























