Հայաստանի իշխանություններն առաջ չէին ընդունում բիզնեսի աջակցության առաջարկները, իսկ հիմա նույն բանն են առաջարկում՝ միայն ավելի խոշոր  մասշտաբով։ Այս մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ նախկինում ԲՀԿ–ն առաջարկում էր սարքավորումների եւ հումքի ներկրման ԱԱՀ–ի համար արտոնություններ սահմանել՝ ի շահ տեղական արտադրողների։ Սակայն կառավարությունը եւ նրա հետ էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը մերժեցին այդ առաջարկը։ Նրանց խոսքով՝ պետությունը 5-10 մլրդ դրամ կկորցներ ԱԱՀ–ից, որի գանձմանը հետո էին ստիպված լինելու սպասել։ «Իսկ հիմա դուք առաջարկում եք առհասարակ հանել եւ գնահատում եք, որ կարող է 40 մլրդ դրամի գանձում ուշանա։ Ինչու՞ եք կտրուկ փոխել ձեր կարծիքը»,– հարցադրում արեց Մելքումյանը։

Դրան ի պատասխան՝ ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ հիմա պետությունը հիմքեր ունի ենթադրելու, որ սահմանին ԱԱՀ–ից չհավաքած գումարը կփոխհատուցվի արդեն ներմուծված ապրանքներից ԱՀՀ–ի գանձմամբ։