Դիլիջանում կայացած Մշակութային վերածնունդ խորագիրը կրող արվեստի եւ արհեստի համահայկական փառատոնին փառատոնին սեպտեմբերի 9-ին, ներկա է եղել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջել է տաղավարներով եւ ծանոթացնել փառատոնի շրջանակներում ցուցադրված գորգարվեստի բացառիկ նմուշներին, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններին` կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՀՀ մարզերի եւ Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաեւ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը:

«Նման համահայկական միջոցառումները, երբ իրականացվում են Երեւանից դուրս, խթան են դառնում զբոսաշրջության զարգացման համար: Ինչպես նկատեցինք, այսօր այստեղ են եկել ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ՝ զբոսաշրջիկներ: Այստեղ ներկայացված են Հայաստանի մարզերը, Արցախը, յուրաքանչյուրը ներկայացել է իր տարածաշրջանին բնորոշ արհեստագործական եւ արվեստի նմուշներով: Մենք պետք է հասնենք նրան, որ նման միջոցառումները դառնան մեծ ու ավելի  ընդգրկուն: Այս փառատոնները խթանում են ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զբոսաշրջությունը: Կարեւոր է նաեւ, որ մարզերի միջեւ ներքին ճանաչողությունը բարձրանա, որ մարդիկ հայտնաբերեն, թե երկրի ներսում մենք ինչ հրաշալի զբոսաշրջային վայրեր ունենք»,- նշել է Սուրեն Կարայանը:

Մշակութային վերածնունդ արվեստների եւ արհեստների hամահայկական փառատոնը կազմակերպվել է ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ ընկերության, Մշակույթի եւ տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունները, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի, ԱՀ մշակույթի նախարարությունները եւ Դիլիջանի քաղաքապետարանը։