Քաղաքների ավագանիների խմբակցությունները պետք է տեղական հանրաքվեների վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունենան: Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանը:

Դրույթներից մեկով առաջարկվում է խմբակցություններից ետ վերցնել տեղական հանաքվե կազմակերպելու իրավունքը, քանի որ այդ իրավունքը պատկանում է ավագանու 1/3-ին: «Չի կարելի ավագանիներին այս իրավունքից զրկել: Ի՞նչ հիմնավորմամբ»,- Փաշինյանին սատարեց նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ի պատասխան՝ զեկուցող տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ հարցը քննարկումների փուլում է եւ բաց է տարբեր կարծիքների համար: