Մնում է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են 2008 թվականի իրադրությանը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը։

Օրինագծով նախատեսվում է, որ հանրահավաքները կարող են սահմանափակվել ժողովրդավարական հասարակության իրավունքների եւ ազատությունների պահպանման համար, երբ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գերիշխում են հավաքների անցկացման ազատության վրա։ Գնահատականը զուտ իրավական է. պահպանել այլ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

«Արմատապես փոխվում է տրամաբանությունը, ինչպես որ 2008-ին՝ հայտնի քաղաքական իրադարձություններից հետո օրենքի փոփոխության ժամանակ։ Այստեղից ենթադրե՞նք, որ դուք նման իրադարձությունների համար հող եք նախապատրաստում»,– ասաց Փաշինյանը։

Դրան ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ իշխանությունների միակ մտահոգությունը քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն է։