ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 12-ի առավոտյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դպրոցական է եւ վնասվածքն ստացել է դպրոցում՝ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անչափահասի ինքնությունը պարզվել է։



























