Թումանյան թանգարանում ստալինիզմի զոհերին նվիրված ցուցահանդեսի քաղաքականացված լինելու հիմնավորումով արգելումը, ամենեւին փոքր խնդիր չէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը, որը գտնվում է հետախուզման մեջ:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հին Հունաստանում աթենական ժողովրդավարությունը «իդիոտ» էր անվանում պոլիսի այն բնակիչներին, որոնք քաղաքականացված չէին, այսինքն բացառապես իրենք իրենցով էիր միայն հետաքրքրված եւ հանրային գործերին չէին մասնակցում:

Համապատասխանաբար «իդիոտությունը» անտեղյակության բնական այն վիճակն էր, որով բոլոր մարդիկ ծնվում էին, իսկ «քաղաքացիությունը» ձեւավորվում էր կրթության միջոցով: Ըստ այդմ հասուն տարիքում քաղաքականացված չլինելը անազնվության բնութագիր էր համարվում:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է «մշակույթի» նախարարության փոխնախարար, ստալինիզմի զոհերի թոռնուհի Արեւ Սամուելյանը ակամայից խոստովանում, որ նարիմանովյան չեկիստական ռեժիմին ծառայող չինովնիկ լինելը անհամատեղելի է քաղաքացի լինելու եւ քաղաքացի կրթելու խնդիրներին... Այսպիսի անկման ճանապարհով անցան XX դ. 30 ական թթ, հայ մտավորականներից շատերը, որոնք հետագայում հենց իրենք զոհեր դարձան...

Թումանյան թանգարանում ստալինիզմի զոհերին նվիրված ցուցահանդեսի քաղաքականացված լինելու հիմնավորումով արգելումը, ամենեւին փոքր խնդիր չէ: Այն բացահայտում է գործող գաղութային ռեժիմի մարդակակեր ամենաթողության գաղափարախոսությունը` Հայաստան կոչվող ոստիկանական գավառում քաղաքացիներ չպետք է լինեն՝ միայն իդիոտ հպատակներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: «Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- հայտարարել է Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:

Այս առնչությամբ, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել իրենց հետ: