Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ երբ բախվում ես իրականությանը, տեսնում ես, որ դասական համարվող լուծումներն ու տեսությունները երբեմն գործնականում չեն աշխատում:

«Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է: Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Դասական տեսություններն ու լուծումները, կարծես, երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջեւ կանգնած խնդիրներին: Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն: Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ եւ խելացի Հայաստան»,-ընդգծեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ ԵՏՄ անդամակցության խնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ԵՏՄ, ԵՄ եւ Իրանի շուկա մտնելու համար. «Ավելին` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որն առեւտրի հատուկ ռեժիմ կունենա եւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետ»:

Այնուհետեւ դիմելով նստաշրջանին ներկա երիտասարդներին` Կարեն Կարապետյանը կոչ արեց համարձակ լիներ. «Որեւէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»: