Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնության կարեւորությունը, հայտնում է Reuters-ը։

Թիլերսոնը ժամանել է Մեծ Բրիտանիա Հյուսիսային Կորեայի ու Լիբիայի շուրջ իրավիճակի, «Իրմա» փոթորկի հետեւանքների վերացմանն ուղղված ջանքերի քննարկման համար։ Ծրագրված են նրա հանդիպումները տարբեր երկրների՝ այդ թվում Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ։

Չնայած Իրանի հարցը ներառված չի եղել բանակցությունների օրակարգում, այն բարձրացվել է Թերեզա Մեյի ու Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Թիլերսոնի հանդիպման ժամանակ։ «Նրանք անդրադարձել են Իրանի միջուկային գործարքին, վարչապետը շեշտել է դրա կարեւորությունը՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կանխելու համատեքստում»,- ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։