Հայաստանի համար ամենամեծ բացթողումը 26 տարվա մեջ բնակչության արտահոսքն էր։ Նման կարծիք են հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։

Անդրադառնալով 2 կարեւորագույն բացթողումներին եւ նվաճումներին՝ Պապյանը որպես կարեւորագույն նվաճում նշեց Արցախի ազատագրումը, պատերազմում հաղթանակը։ Երկրորդ այն է, որ Հայաստանում փոխվել է ժողովրդագրական պատկերը։ «Ցավոք, չկարողացան Հայաստանում պահել ադրբեջանահայերին»,– պարզաբանեց Պապյանը։ Որպես բացթողում՝ նա նշեց բնակչության արտագաղթը, իսկ տնտեսության մեջ՝ գերմոնոպոլիան եւ օրենքի առաջ անհավասարությունը։

Իր հերթին Թեւան Պողոսյանը կարեւորագույն նվաճում է համարում այն  բանի գիտակցումը, որ Հայաստանի տերը մենք ենք։ Երկրորդ նվաճումը պետականության եւ կառավարման ինստիտուտների գիտակցության հպարտությունն է։ Նա բացթողում է համարում բնակչության արտագաղթը եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը, ինչի պատճառով չի հաջողվել ձեւավորել միջին խավ։  «Այսինքն՝ չի հաջողվել դաստիարակել քաղաքացիների»,– ասել է Պողոսյանը։