Գրող, լրագրող Արմեն Շեկոյանը հիվանդանոցում է իմացել, որ  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

«Ես առողջական խնդիրներ ունեմ, արդեն մի քանի օր է՝ հիվանդանոցում եմ: Հարազատներիցս եմ լսել, որ նախագահն ինձ պարգեւատրել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արմեն Շեկոյանը նշեց, որ սա իր ստացած առաջին պետական պարգեւն է, եւ շատ ուրախ է, որ երկար տարիների իր աշխատանքը վերջապես գնահատվեց:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես պետական պարգեւի արժանացա: Անակնկալ էր, իհարկե, քանի որ արդեն երկար տարիներ գրում եմ, բայց պետական գնահատականի չէի արժանացել: Կարծում եմ, որ արդեն ժամանակն էր, որ գնահատվեին աշխատանքներս, շատ մրցանակներ էի ստացել, բայց ոչ պետական»,-ասաց նա:

Արմեն Շեկոյանը ստացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, «Վլադիմիր Մայակովսկու օրեր» անվան մրցանակ: Նրա հեղինակած գործերից են՝ «Մետաքսի ճանապարհ» պատմվածքների ժողովածուն, «Երեւան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», « Ճոճք », «Ճամփորդ արեւը» բանաստեղծությունների ժողովածուները: