Վերջին, առայժմ նախնական, գնահատականներով՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության նախահաշիվը կարող է աճել մինչեւ ավելի քան 2 մլրդ դոլար:

Սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ սա կապված է գրունտային աշխատանքներով պայմանավորված նախահաշվի վերագնահատման, ինչպես նաեւ ճանապարհի որակի տեխնոլոգիական պահանջների հետ:

Եթե նախկինում ամբողջ մայրուղին (Հայաստանի հյուսիսային սահմանից մինչեւ հարավային) 1 մլրդ դոլար էր գնահատվում, ապա հիմա՝ միայն դրա հարավային տեղամասը՝ Արտաշատ եւ Մեղրի քաղաքների միջեւ: Հաջորդ տարվա կեսին կպատրաստվի վերջնական նախագիծը եւ աշխատանքների նախահաշիվը:

Որպեսզի պետությունը չծանրաբեռնվի ամբողջ ճանապարհի համար վարկերով, որոշվել է նաեւ մասնավոր ներդրողների հրավիրել: Նրանց շահագրգռելու համար մայրուղու որոշ, ամենահարմար հատվածները վճարովի կդառնան, սակայն եթե միայն դրանց համար կան անվճար այլընտրանքներ: Ուստի, ավելի շուտ, ստիպված կլինեն վճարել ապագա լեռնային թունելներով ընթանալու դեպքում: Իսկ եթե անվճար, ապա ստիպված կլինեն պտտվել շրջադարձերով, որոնցով Հայաստանի հարավը հարուստ է:

«Հյուսիս-Հարավ» 4 ուղեմասով մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման երթուղու ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը՝ ներկայիս 556-ից մինչեւ 495 կմ՝ մի շարք լեռնային հատվածների հարթեցման եւ նորերի՝ առավել ուղիղ հատվածների կառուցման հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը նախկինում 960 մլն դոլար էր գնահատվում, հիմա՝ մոտ 1,5 մլրդ դոլար:

Մայրուղու շինարարությունը սկսվել է 2012 թվականին, սակայն մինչեւ հիմա ամբողջությամբ պատրաստ չէ նույնիսկ առաջին տեղամասը: