ՀՀ քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երեւանում անցկացրել է Օդային երթեւեկության կազմակերպման արեւելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արեւելյան անդամ-պետությունների, ինչպես նաեւ՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին եւ հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»:

Օդային երթեւեկության կազմակերպման արեւելյան խմբի հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել Օդային երթեւեկության կազմակերպման անվտանգության մակարդակը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ եւ գաղափարներ, ինչպես նաեւ՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների եւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռեւս 1992 թվականից: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը: