Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կկատարի ամերիկյան քիմիական զենքի ոչնչացման իր պարտավորությունները, որի ժամկետներն արդեն 3 անգամ հետաձգվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուդմուրտիայում Կիզներ բնակավայրի հետ հեռուստակամուրջի ժամանակ, որտեղ ոչնչացվել է ռուսական պաշարների վերջին քիմիական զինամթերքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Հույս ունենք, որ քիմիական զենքի ոչնչացման Ռուսաստանի ջանքերն օրինակ կծառայեն նաեւ մյուս երկրների համար»,- ասել է նախագահը: Նա նշել է, որ նման սպառազինության ամենախոշոր տերերն էին ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն:

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն, ցավոք, իր պարտավորությունները չի կատարում եւ արդեն 3 անգամ հետաձգել է քիմիական զենքի ոչնչացման ժամկետը՝ իբր անհրաժեշտ բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, ինչը «անկեղծ ասած, տարօրինակ է հնչում»:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է զինաթափման եւ չտարածման միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եւ լավ է հասկանում սպառազինության մրցավազքը վերականգնելու վտանգները: